Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Hakob Badalyan avatar
Hakob Badalyan
Hakob Badalyan avatar
Hakob Badalyan
10.04.202518:51
💥 Իրանի հանդեպ ԱՄՆ հնարավոր ուժային գործողության, կամ ուժային գործողության հնարավորության վերաբերյալ դիտարկումներում հաճախ է բերվում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի օրինակները:

Ընկերներ, Իրանն ու բերված օրինակները հիմնավորապես տարբեր են: Դա չի նշանակում, որ Իրանն անխոցելի է, անբեկանելի, անպարտելի եւ այլն: Բայց, այդ օրինակներն էլ անհամեմատելի են:

Իրանը պարզապես մի հերթական մերձավորարեւելյան ամբողջատիրություն, ավտորիտարիզմ կամ բռնապետություն չէ: Իրանը կայսրություն է, հազարամյակների պետականության կենսափորձով: Սրան գումարվում է այն, որ Իրանը վերը նշված երկրների հետ համեմատելի չէ նաեւ իր ռազմական-տեխնոլոգիական-գիտական պոտենցիալով:

Կրկնեմ, Իրանը անպարտելի չէ: Ոչ ոք անպարտելի չէ: Բայց Իրանը մեղմ ասած Սիրիա, Լիբիա կամ Իրաք չէ: Հետեւաբար ասել, թե՝ «ինչպես Սիրիան արեցին», «ինչպես Իրաքն արեցին», «ինչպես Լիբիան արեցին», կնշանակի պարզապես անցկացնել շատ պարզունակ զուգահեռներ:

Իրանի ներքին կառավարման ու ներհասարակական հարաբերությունների համակարգն անշուշտ կատարյալ չէ, բայց հենց այդ առումով է կրում կայսրության «ինստիտուցիոնալ հիշողությունն» ու կենսափորձը, դրա վրա կառուցելով բազմազգ օրգանիզմի կառավարությունը: Կրկնեմ, այն իհարկե անթերի չէ, եթե ընդհանրապես լինում են անթերի համակարգեր, բայց այն բավականին ճկուն ու կենսունակ է առաջին հերթին իր բազմաստիճան բարդությամբ:

Բարդ համակարգերը քանդելն այդքան էլ պարզ գործ չէ: Միեւնույն ժամանակ, Իրանը բավականին ուժեղ է իր «արտասահմանային ցանցայնությամբ»:

Միով բանիվ, Իրանը համեմատել մերձավորարեւելյան մյուս երկրների հետ, մեղմ ասած համարժեք չէ: Եվ դա թերեւս գիտեն առաջին հերթին նրանք, որոնք գործ ունեն իրանյան հարցի հետ: Այդ հարցն իհարկե Մերձավոր Արեւելքի գլխավոր հարցն է եւ այդ պատճառով է, որ խաղադրույքները շատ բարձր են:
09.04.202511:55
👆👆👆
09.04.202507:24
💥 Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներից մանդատ է ստացել Ղազախստանի հետ ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցություն սկսելու համար:

Ինչո՞վ է ուշադրության արժանի այս տեղեկությունը: Նախ, ինքս վերջին օրերին ու շաբաթներին առավել հաճախ եմ անդրադարձել այն հանգամանքին, որ ԱՄՆ հետ հակոտնյա դիրքերում հայտնվելու պարագայում, ԵՄ համար առավել քան կարեւոր է դառնում Կենտրոնական Ասիայով դեպի ԵՄ տրանսպորտային միջանցքը կամ այսպես ասած՝ Միջին միջանցքը:

Սակայն, հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այլ, այն մասին, որ Եվրամիության հետ հնարավոր է զարգացնել փոխհարաբերություն, կապեր, ընդհուպ ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցություն՝ առանց «ճամբարայնացման հայեցակարգի»:

Այդտեղ է հմտությունը, կոմպետենտությունը, կամքը եւ ինքնիշխանության հնարավորինս բարձր գործակիցը:

Ղազախստանը, ինչպես գործնականում Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրները, կարողանում են համադրել իրենց հարաբերությունը թե Չինաստանի, թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի, թե Բրիտանիայի, թե ԱՄՆ հետ:

Իհարկե դա շատ բարդ աշխատանք է, բայց մյուս, այսպես ասած «ընտրություն» կատարելու տրամաբանությամբ առաջնորդվելը բոլորովին ավելի հեշտ չէ, եւ իհարկե առավել վտանգավոր է:
08.04.202513:54
🔴🔴🔴 Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամողլուին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնությունը:

Փարիզի քաղաքային իշխանությունը գլխավորում է սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն: Այս պահին մանրամասն տեղեկություններ չուներ քաղաքային խորհրդում ուժերի հարաբերակցության, եւ օրինակ նախագահ Մակրոնի կուսակցության ներկայացվածության ծավալի մասին, բայց, քանի որ հավանությունը եղել է միաձայն, ապա կարող ենք ենթադրել, որ այդ որոշումը ունի ըստ էության ներքաղաքական կոնսենսուս:

Սա էլ իր հերթին կարող է թույլ տալ եզրակացնել, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի այցը Փարիզ այդուհանդերձ չի անցել համաձայնության գերակայության մթնոլորտում:

Ի դեպ, այդ եզրակացությունն էի բարձրաձայնել ապրիլի 2-ին Ֆիդանի այցից հետո Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության բովանդակությանը ծանոթանալուց հետո:
01.04.202504:24
Դատելով Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարից, հնարավոր է եզրակացնել, որ Գերմանիայի նախագահի պատվիրակության կազմում Երեւան է ժամանել նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Համենայն դեպս, լուսանկարում պատկերված անձնավորությունը շատ նման է Պիստորիուսին, ինչպես ասում են՝ «շփոթության աստիճանի» նման: Պատվիրակության կազմի վերաբերյալ որեւէ կոնկրետ տեղեկատվություն չի պատահում Երեւանում Շտայնմայերի հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում: Բնականաբար, եթե խոսքը հաստատապես նրա մասին է, ապա պաշտպանության նախարարի ընդգրկվածությունը պատվիրակության կազմում արժանի է ուշադրության: Հիշեցնեմ նաեւ, որ Շտայնմայերի պատվիրակությունը Երեւանից մեկնում է Բաքու:
31.03.202515:30
🔴👆2021 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքից հետո, երբ արդեն դարձավ հայտնի, թե որ ուժերն են անցնում խորհրդարան, ես օգտագործել եմ հետեւյալ գնահատականը, որ այդ ընտրությունը «քայլ առաջ» էր: Այդ մասին գրել եմ մեկնաբանություններ, խոսել եմ հարցազրույցների ընթացքում:

Մի առիթով հարցուպատասխան ծավավեց մի հարգարժան մարդու հետ, որը տարակուսում, նույնիսկ քմծիծաղ էր տալիս, թե ինչպես կարող է քայլ առաջ համարվել այն, որ խորհրդարանում «վերականգնվում» են նա՛խկին համակարգի ուժերը՝ Հայաստան դաշինքի եւ Պատիվ ունեմ դաշինքի տեսքով:

Ես փորձեցի պարզաբանել, կամ, եթե կուզեք՝ բացատրել, թե ինչուեմ համարում քայլ առաջ:

2018-ից հետո Հայաստանում կար մի համընդհանուր մտայնություն, թե՝ վերջ, մենք այլեւս ապրում ենք մի նոր քաղաքական մոլորակում, որտեղ այլեւս անվերադարձ անէացել է նախկին կառավարող համակարգը, այլեւս նոր իշխանություն է, նոր ընդդիմություն, նոր ուժեր, նոր, նոր եւ նոր: Ի դեպ, 2018-ից հետո տասնյակ հոդվածմներով փորձել եմ ներկայացնել, թե որպես քաղաքական պրոցես ինչպես է «հեղափոխության» ձեւաչափը հասունացել, ինչ գործոնների բերումով, ինչպես է այն ըստ էության վայելել հենց նախկին կառավարող համակարգի լիակատար եւ բազմակողմանի աջակցությունն ու դարձել հնարավոր: Լավ, չշեղվեմ:

Այդպիսով, ինչու՞ էր 2021-ը «քայլ առաջ», իմ գնահատմամբ: Որովհետեւ բացում էր երկրում, հասարակական-քաղաքական համակարգում ուժերի հարաբերակցության իրական, գերակշռող պատկերը: Դուր գալիս էր դա որեւէ մեկին, թե դուր չէր գալիս՝ այդ պատկերը, բայց այն արտացոլում էր այն, ինչ կար իրականում եւ ինչը ըստ էության երբեք չէր էլ վերացել, որ «վերադառնար»: Տեղի էր ունեցել հարաբերությունների տրամաբանության եւ ուժերի հարաբերակցության որոշակի վերադասավորում, բայց հենց ուժի կենտրոնների առումով «կազմի» փոփոխություն ըստ էության չի եղել: Այլ հարց է, որ մի շարք գործոնների բերումով, 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությանը արձանագրվել է խորհրդարանի այլ կազմ, բայց դա այդ պահին չի եղել խորքային բալանսի արտահայտություն, եւ հետո էլ ըստ էության չի գնացել դեպի խորք՝ նոր բալանս ձեւավորելու: Պատճառները օբյեկտիվ ու սուբյեկտիվ են եղել, բայց դա է եղել իրականությունը: Իրականություն, որը 2021 թվականին արդեն հառնեց ամբողջ հասակով:

Ներեցեք երկար մանրամասնելու համար, բայց դա է եղել «քայլ առաջը», որ մարդիկ տեսել են իրականությունը, ինչը հնարավորություն է, որ նրանք չապրեն ինչ որ իլյուզիաններով: Որովհետեւ, եթե դու ի վիճակի չես սառնասիրտ առերեւսվել որեւէ իրականության, հասկանալ դրա խորքը, կառուցվածքը, ճանաչել դրա գոյությունը, դու չես կարող մշակել այն հաղթահարելու գործուն մեխանիզմ ու մեթոդաբանություն, գործուն ճանապարհ: Դու լավագույն դեպքում կարող ես ընդամենը հայտնվել ինքնախաբեության թմբիրում, իսկ հետո, երբ բացում ես աչքերդ ու տեսնում, որ ինքդ քեզ ես խաբել, փոխանակ կարողանաս անգամ ինքնախաբեությանդ հետ առերեսվել, սկսում ես փնտրել այլեւայլ մեղավորներ ու քեզ «խաբողներ»: Այն դեպքում, երբ ինքդ քեզ ես խաբել:

Ըստ այդմ, երբ իրականությունը կանգնում է հանրության ու հասարակական-քաղաքական դերակատարներների առաջ ամբողջ հասակով, դա միշտ «քայլ առաջ» է: Այլ հարց է, որ մարդիկ այդ դեպքում դարձյալ ամբողջ ուժով կարող են ձգտել աչքերը փակելուն, քանի որ իրականում չգիտեն, թե ինչ անել այդ դուր չեկած իրականության հետ:
09.04.202514:11
💥 Հայ-իրանական այս համատեղ զորավարժության առնչությամբ իհարկե կարեւոր է չգերագնահատել, բայց նաեւ՝ արձանագրել դրա նշանակալիությունը: Հայտնի է, որ Իրանը Երեւանին վաղուց է առաջարկել այդօրինակ միջոցառումներ, թե բաց, թե նաեւ փակ ռեժիմում: Իհարկե ըստ էության, ներկայիս զորավարժությունը արտացոլում է այդ առումով տրամադրություններ, բայց ոչ Իրանի կոնկիետ առաջարկների ձեւաչափեր, որոնք անմիջականորեն վերաբերել են Հայաստանի տարածքին:

Այդուհանդերձ, հայ-իրանական պաշտպանական համատեղ գործողությունների այդօօրինակ ընդլայնումը էական է նրանով, որ նվազագույնը աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական իմաստով առավել «գետնի վրա եղած» ձեւաչափ է, հաշվի առնելով երկու երկրների սահմանակցությունն ու անվտանգության ռեգիոնալ համակարգի առնչությամբ շահերի ու հետաքրքրությունների զգալի ընդհանրությունը:

Կրկնեմ, պետք չէ հերթական էյֆորիան, ինչպես օրինակ լինում է այլ ուղղությունների դեպքում, բայց նաեւ՝ ի տարբերություն այլ ուղղությունների, ներկայումս իրանական բաղադրիչը գետնի վրա եղածն է կամ այսպես ասած՝ գետնին առավելագույնս մոտը, հետեւաբար ներկայիս իրողությունների պայմաններում, երբ մի շարք գործոնների բերումով տեղի են ունենում լարվածության լիցքեր պարունակող զարգացումներ, հայ-իրանական այս կոմունիկացիան եւ միջոցառումը շատ կարեւոր է:

Թե որոնք են ռիսկային զարգացումները, կամ ռիսկեր պարունակող զարգացումներն ու շարժերը, բազմիցս ներկայացրել եմ վերջին օրերին ու շաբաթներին տարբեր գրառումներով, եւ իհարկե կշարունակեմ անդրադառնալ դրանց: 🇦🇲🇮🇷
09.04.202511:53
🔥 Պաշտոնական հաղորդագրություն է, որ ՀՀ գլխավոր դատախազը Վերպետաց դաս է անցկացրել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների համար:

Գլխավոր դատախազի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, բայց, ներեցեք, նա ո՞վ (առանց որեւէ հեգնանքի) է, ի՞նչ կյանք է ապրել, ի՞նչ կենսափորձ ունի, մասնագիտական, կարիերային ի՞նչ հետագիծ ունի, որ Վարպետաց դաս անի, այն էլ ռազմական ինստիտուտի կուսանտների համար: Իր կենսագործունեության եւ կարիերայի ի՞նչ կետում կլիներ նա, եթե օրինակ Հայաստանում տեղի ունեցած չլիներ 2018-ի հեղափոխությունը, որքան էլ՝ ոչ դասական հեղափոխությունը:

Պարզ է չէ՞, որ Վարպետաց դասի «իրավունքը» ոչ թե այսպես ասած ապրած կենսափորձի, այլ ընդամենը Գլխավոր դատախազի կարգավիճակի բերումով է, իսկ կարգավիճակը՝ ընդամենը հեղափոխության բերումով, որը բոլորովին այլ «ոտքերի» ու ձեռքերի գործ է:

Պետք է հասկանալ, որ այդ ամենը շատ լավ, հիանալի հասկանում են կուրսանտները: Նրանք կարող են «Ողջույն տիկին գլխավոր դատախազ» գոչել՝ հրամանով, լուռ լսել գլխավոր դատախազին, բայց Վարպետաց դասի ամբողջ իմաստն այն է, որ ունկընդիրը որեւէ ակնածանք ունենա բանախոսի հանդեպ՝ այդ բանախոսի խարիզմայից ու կենսափորձից բխող ակնածանք:

Այդ դեպքում է միայն Վարպետաց դասը դառնում էֆեկտիվ, որի մասնակիցների մոտ լինում է տպավորություն այ դասից, այլ ոչ թե տպավորություն, որ իրենց պարզապես բերել-նեստեցրել են իրականում տեղեկատվա-քարոզչական միջոցառում անելու, այլ ոչ թե Վարպետաց դասի նպատակով:

Այստեղ կան շատ նրբություններ, որոնք մեծ նշանակություն ունեն ապագա սպայի հոգեբանության ձեւավորման համար, որոնք չի կարելի է «տրորել» որեւէ կոնյուկտուրայով, քանի որ դա նշանակում է տրորել պետական անվտանգության ապագան:
09.04.202507:03
💥 Միքայել Սրբազանի թեմայի ակտիվացման առնչությամբ, հիշեցնեմ միայն այդ թեմայի նախորդ ակտիվացման շրջանում արտահայտածս տեսակետը, դրանում Սրբազանի դերի շեշտադրումով: Կարծում եմ, որ այդ դերը կարող է շատ ավելին լինել մեր հանրային կյանքում, ու շատ ավելի օգտակար, եթե դուրս գա ներքաղաքական «օրախնդիրներից»: Ես չէ, որ պետք է լինեմ Միքայել Սրբազանի «խորհրդատու» այդ առնչությամբ: Պարզապես անհամեստորեն հարկ համարեցի արտահայտել համեստ կարծիքս այդ առնչությամբ:
08.04.202513:34
💥 Ուրեմն, ամերիկյան մամուլ է սպրդել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության փաստաթուղթ, որում նշվում է, որ Մերձավոր Արեւելք ռազմական ուժերի տեղակայումը ունի ոչ թե Իրանին հարված նախապատրաստելու, այլ բանակցությանն ընդառաջ դիրքեր ամրապնդելու նպատակ:

Սա տեղի է ունենում Թրամպ-Նաթանյահու հանդիպումից հետո, եւ Շաբաթ օրն Օմանում սպասվող Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունից առաջ: Չեմ կարծում, թե այդ արտահոսքը օգտակար է բանակցությանը: Հետեւաբար հակված եմ մտածել, որ արտահոսքը կազմակերպվել է Թրամպի նկատմամբ ճնշման եւ բանակցության հնարավոր արդյունավետությունը խաթարելու համար:

Մեծ հավանականությամբ, Ազգային անվտանգության գործակալության տեղեկության արտահոսքի հարցում «խառն» է այն շրջանակների մատը, որոնց համար նախընտրելի է Իրանի հարցում ուժային զարգացումը: Ասել եմ բազմիցս, որ Թրամպի համար դա մեղմ ասած վատ սցենար է, եւ անկասկած ամենից լավ դա պատկերացնում է հենց ինքը Թրամպը: Դարձյալ, արտահայտվել եմ ավելի վաղ, որ նրա վերջնագրային տոնայնությամբ հայտարարությունները դիվանագիտական տակտիկայի տրամաբանությամբ են, միտված նաեւ այսպես ասած «ուժային սցենարի» կողմնակիցների հետ խաղալու, որովհետեւ այդ սցենարի կողմնակիցները մեղմ ասած թույլ շրջանակներ չեն:

Իսկ այդօրինակ հարցերը չեն լուծվում միայն մեկ անձի, տվյալ դեպքում նախագահի այս կամ այն որոշումով, որովհետեւ որոշումների ձեւավորումը ենթադրում է շատ շերտային գործընթաց, տարբեր հարակաից գործոններով, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել:

Այդուհանդերձ, պետք է հուսալ, որ չնայած շաբաթօրյա բանակցությունը խաթարելու փորձերին, այն կկայանա եւ կլինի արդյունավետ: Իհարկե այս պարագայում էլ, խոսքը լինելու է գործընթացի, այլ ոչ թե միանվագ գործողության կամ ակտի մասին: Բայց, կարեւոր է, որ գործընթացը ծավալվի:

Ըստ իս, այդպես կլինի, համենայն դեպս քանի դեռ ծավալվում է ռուս-ամմերիկյան գործընթացը, որովհետեւ իմ խորին համոզմամբ Իրանի հարցը այդ գործընթացի մաս է:

Ի դեպ, ուշադրություն եմ հրավիրում հանգամանքի վրա, որ այստեղ էլ «դիվանագիտական առաջնագծում» է Սթիվ Ուիտկոֆը, որն այդ դիրքում է Ռուսաստանի հետ շփումներում, երկու անգամ այցելել է Մոսկվա: Ուիտկոֆն ի դեպ, Մերձավոր Արեւելքի հարցերով Թրամպի հատուկ բանագնացն է, բայց նա կադրային դիվանագետ չէ, այլ անշարժ գույքի գործակալ: Այլ կերպ ասած, այստեղ հարցն այն չէ, որ Ուիտկոֆը Մերձավոր Արեւելքի մասնագետ է եւ դրա համար է Օմանում բանակցողը: Ուիտկոֆը պարզապես Թրամպի անձնական վստահությունը վայելող բանակցող է, ոչ թե Մերձավոր Արեւելքի, այլ այսպես ասած՝ գործարքի մասնագետ:

Եվ այդով հատկանշական է, որ նա թե Ռուսաստանի հետ «տրեկում» է, թե Իրանի:
31.03.202519:49
🔴🔴🔴 Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, որ պաշտոնական այցով ժամանել էր Երեւան, իսկ այստեղից մեկնելու է Բաքու, Երեւանում հայտարարել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի Եվրամիության անվտանգության ու արտաքին հարցերի հանձնակատար Կայա Կալլասը:

Շտայնմայերը չի ասել, թե արդյո՞ք Կալասը նաեւ Բաքու է այցելելու:

Բայց, էս պարագայում այդ մասին չէ գրառումս:

Հետաքրքիր է, կլինի՞ մի օր, երբ Հայաստանին վերաբերող որեւէ շատ, թե քիչ նշանակալի այց, իրադարձություն, գործողություն, առաջինը հայտնի դառնա Հայաստանի համապատասխան պաշտոնական խողովակներից, այլ ոչ թե՝ Բեռլինից, Բաքվից, Հյուսիսային կամ Հարավային բեվեռից, Մարսից, Լուսնից, բայց ոչ պաշտոնական Երեւանից:

Տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունում էլ այդ ամենի մասին տեղեկանում են աշխարհի չորս ծագերից:
31.03.202515:19
💥 Քարոզարշավի վերջին օրվա առիթով գրառումս է, որտեղ խոսում եմ, որ Գյումրին լինելու է նաեւ ընդդիմության ինդիկատոր: Թե դրանից առաջ, թե հետո՝ հարցազրույցներում խոսել եմ, նաեւ գրառումներում արտահայտել եմ, որ թվաբանորեն հաղթելու դեպքում անգամ, ընդդիմադիր ուժերի քաղաքական պայմանավորվածությունների համակարգը լինելու է բավականին բարդ:

Ըստ էության, այստեղ չկա զարմանալի բան, երբ դուրս ենք գալիս քաղաքական պրոցեսի մեկ այլ օբյեկտիվ իրողությունից՝ տեղեկատվա-քարոզչական հարթությունից:

Քաղաքական ուժերը եւ նրանց համակիրները, տարբեր աստիճանի ֆունկցիոներները բնականորեն պետք է լինեն նաեւ տեղեկատվական պայքարի շրջանակում: Բայց, դրանից դուրս հայացքը պարզորոշ ցույց է տալիս, որ, եթե Գյումրիում կա ընդդիմադիր ուժերին միավորող իքս ծավալի գործոն, ապա Գյումրիից դուրս ակնհայտորեն ավելին է «բաժանող» գործոնների ծավալը:

Անկասկած է, որ բոլորի համար էլ Գյումրին միջոց է, ոչ թե նպատակ: Խոսքն իհարկե Գյումրիի քաղաքային իշխանության ընտրական պրոցեսի մասին է, ոչ թե հրաշալի քաղաքի:

Ես էլ չեմ խոսում այն մասին, որ կան բազմաթիվ անձնական ու խմբային այլ գործոններ: Կրկնեմ, դրանք քաղաքականության մեջ շատ նորմալ են: «Աննորմալը» սկսում է, երբ մարդիկ դադարում են տեսնել դրանք եւ ավելին՝ ստիպում, որ բոլորը փակեն աչքերը, կարծելով, թե փակ աչքերով հասարակական-քաղաքական կենսագործունեությունն է որեւէ արդյունավետ գործընթացի գրավականը:

Ի դեպ, այս առնչությամբ մի փոքր պատմություն, կապված 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրության հետ: Բայց, դա արդեն այլ գրառումով: 👇
09.04.202514:05
🔥 Կարեւոր է ու գործնական. ՊՆ-ն հայտնում է, որ «Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»:

Ինչու՞ եմ բնորոշում գործնական: Որովհետեւ ըստ իս, այս զորավարժությունը .ըստ էության առավելագույնս համահունչ եւ համարժեք կլինի այսպես ասած գետնի վրա իրողություններին: 🇦🇲🇮🇷
09.04.202511:40
🔥Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը պետք է տրամադրի անխոչընդոտ ճանապարհ՝ առանց մաքսային ու սահմանային հսկողության:

Իհարկե, այս հայտարարությունները մեր հանրության մեջ արդեն սկսել են «ընկալվել» սովորական: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այս ձեւակերպումներն ըստ էության օգտագործում է ոչ միայն Ալիեւը, այլ նաեւ Ուրսուլա ֆոն դե Լայենը:

Վերստին հիշեցնեմ, Սամարղանդում նրա հայտարարությունը, որ Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ Միջին միջանցքի շրջանակում Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ պետք է լինեն անխոչընդոտ սահմաններ, Հայաստանում արժանացավ գրեթե զրո ուշադրության:

Իսկ Ալիեւը «որսաց» պահն ու մի քանի օր անց օգտագործելով Բաքվում ինչ որ միջազգային ֆորումի առիթը, հայտարարում է, որ Հայաստանը պետք է տա անխոչընդոտ հաղորդակցության հնարավորություն: Սա խաղ է Բրյուսելի հետ այսպես ասած նույն «ալիքի վրա լինելու» հաշվարկով:

Երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սամարղանդում ունենում էր իր ելույթը, այդ ընթացքում Հայաստանում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որի հանդիպումների առանցքում հայ-ադրբեջանական թեման էր:

Գրոնոն չի մեկնել Բաքու: Ինչու՞: Բաքվից ակնկալիքներ չկա՞ն, թե՞ ակնկալիքը միայն գազն է, ինչի համար Ադրբեջան էր մեկնել էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը: Ի դեպ, Ալիեւը նրա առաջ բարձրաձայնել էր, թե Ադրբեջանին պետք է երաշխիք, որ առաջիկա տարիներին Եվրոպայում ադրբեջանական գազը կլինի պահանջարկ ունեցող: Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ նոր պայմանագիր: Եվ, դատելով հայտարարություններից, նա ստացել է այդ երաշխիքը՝ գոնե նախնական տարբերակով: Գիտենք, որ 2022 թվականին նույն ֆոն դե Լայենը Ալիեւի հետ Բաքվում կնքում էր հնգամյա գործակցության պայմանագիրը, որը լրանում է 2027-ին: Այժմ Ալիեւն ըստ ամենայնի փորձում է ցրցամ տալ դրանից հետո եւս մի հնգամյակի պայմանագիր, եթե ոչ ավելի:

Ամբողջ հարցն այն է, որ այդ հարաբերակցությունում ավելի ամուր դիրք ունի Ալիեւը, քան ԵՄ-ն, որքան էլ հնչի պարադոքսալ: Եվ այդ համատեքստում, մեծ է հավանականությունը, որ ոչ թե Ալիեւն է ինչ որ բան պարտավորվում ԵՄ-ից գազի գնման երաշխիքի դիմաց, այլ Ադրբեջանն է գազի մատակարարման դիմաց ակնկալում ինչ որ բան ԵՄ-ից, այդ թվում գուցե Հայաստանի հանդեպ ճնշում՝ «անխոչընդոտ ճանապարհի» համար:

Իսկ ճնշումը, ինչպես ասել եմ, միշտ չէ, որ լինում է կոշտ: Ավելին, երբ ձեզանից շատ ուժեղը ձեզ շատ է խնդրում անել կամ համաձայնել ինչ որ բանի, շատ շատ է խնդրում, դա եւս ճնշման ձեւ է, որովհետեւ նա ուժեղ է շատ, հետեւաբար խնդրանքը մերժելը ձեռնտու չէ: Սա փոքր ինչ պարզեցված տրամաբանությամբ, բայց ճնշման մեթոդոլոգիայի բազմազանությունը ներկայացնելու համար:
08.04.202518:23
💥 Այսօր առավոտյան անդրադառնալով Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հոդվածին, վերջում ուշադրության է արժանացրել Չինաստանի մեսիջները Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ֆոնին, որ օրեր առաջ կայացել էր Սամարղանդում:

Եվ ահա, տեղեկություն է, որ տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը Չինաստանի վարչապետի հետ: Առայժմ շատ մանրամասներ հայտնի չեն, ընդհանուր առմամբ բնականաբար քննարկվել են ԱՄՆ մաքսատուքերը, նաեւ առեւտրային հարաբերությունների հետ կապված այլ խնդիրներ:

Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը նախորդ տարի մայիսին Փարիզում բավականին կոշտ էր խոսել Սի Ցզինպինի հետ, որը այց էր կատարել Ֆրանսիա եւ որի ընթացքում Մակրոնը հրավիրել էր նաեւ ֆոն դեր Լայենին, եռակողմ հանդիպում կազմակերպելով: Եվրամիությունը նաեւ այդ ժամանակ բարձրացրեց մաքսատուրքերը չինական էլեկտրոմոբիլների համար, որպեսզի ապահովվի եվրոպականների մրցակցությունը եվրոպական շուկայում:

Այդ ժամանակ ֆոն դեր Լայենն իր թիկունքում թերեւս զգում էր ԱՄՆ դեմոկրատական վարչակազմին: Բայց, այլ է վիճակը հիմա եւ ֆոն դեր Լայենն ըստ ամենայնի Չինաստանից այժմ ակնկալում է օգնություն, որն անհրաժեշտ է Թրամպի վարչակազմի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու համար:

Պեկինը պատրա՞ստ է այսպես ասած ԵՄ-ի հետ ձեռք-ձեռքի տված պայքարել Թրամպի մաքսատուրքերի դեմ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ ընդհանուր ֆոնի տողատակում, գործնականում բոլորովին այլ կատեգորիաներում են Չինաստանն ու ԵՄ-ն, այդ թվում անկասկած նաեւ Թրամպի վարչակազմի ընկալումներում:

Թրամպը Պեկինին դիտարկում է բանակցային սուբյեկտ, իսկ Եվրոպային՝ ոչ: Այստեղ է էական տարբերություն: Հետեւաբար, այդ հարաբերակցության պայմաններում Չինաստանը Եվրոպայից թերեւս ավելի ցածր գին չի պահանջելու, քան Թրամպը:

Ընդ որում, ինչ որ իմաստով ցուցիչ է եւ այն, որ Եվրահանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցը լինում է ոչ թե Չինաստանի նախագահի, այլ վարչապետի մակարդակով:

Դա իհարկե հակասուբորդինացիոն չէ, այսինքն սուբորդինացիոն առումով համարժեք կարող էր լինել թե նախագահի, թե վարչապետի հետ զրույցը: Բայց, խորհրդանշական իմաստով ուշադրության արժանի է, որ այդուհանդերձ ֆոն դեր Լայենի համար ժամանակ է գտել Չինաստանի վարչապետը, այլ ոչ թե նախագահը:
01.04.202510:32
🔴🔴🔴 Նաեւ Առաջին լրատվականում: Այստեղ մասնակի խոսեցինք նաեւ արտաքին թեմաներից: https://youtu.be/GX9nWDSw0Vc?si=oHKlVpbGDLP6qwhW
31.03.202519:09
💥 Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի ու Իրանի նախագահների հեռախոսազրույց: Շատ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն զրույցը բավականին ուշագրավ է այն ֆոնին, որ դրանից մեկ օր առաջ եղել էր հեռախոսազրույց Թուրքիայի եւ Ադրբեջանի, ու Թուրքիայի եւ Իրանի նախագահների միջեւ:

Այս խտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մեծ հավանականությամբ այդ հեռախոսազանգերում եղել է զգալիորեն ընդհանուր եւ թերեւս որոշակիորեն կոնկրետ, առարկայական որեւէ բովանդակություն:

Մեծ է հավանականությունը, որ այն առնչվել է այսպես ասած իսրայելական թեմային, հաշվի առնելով այն նկատելի սրացումը, որ ծավալվում է Թուրքիա-Իսրայել տիրույթում:

Ես այսօր առավոտյան անդրադարձել էի Հունաստանի վարչապետի Իսրայել այցին եւ այնտեղ ել Ավիվին փոխանցված ջերմ աջակցությունը:

Հակված եմ մտածել, որ Էրդողան-Ալիեւ-Փեզեշկիան հեռախոսազրույցներում փորձ է արվել այսպես ասած որոշակի հավաստիացումների հասնել, որպես այսպես ասած ապահովագրության գոտի, որ Սիրիայում Թուրքիայի հետ հնարավոր բախման դեպքում Իսրայելին չի հաջողվի ներթափանցել «թիկունք»:

Գուցե այն, ինչ ասում եմ, այսպես ասած լավատեսական սցենարն է: Բայց, կարծում եմ, որ վատատեսականը կարող է լինել այն, որ Բաքուն ու Անկարան Թեհրանին ներկայացնեն վերջնագիր: Այդ դեպքում սակայն որեւէ իմաստ չէր ունենա, որ Իրանի հետ հեռախոսազրույց ունենային թե Էրդողանը, թե Ալիեւը: Ըստ այդմ կարծում եմ, որ հեռախոսազրույցների այդ խտությունը ավելի շուտ պայմանավորված է հարցեր լուծելու, քան վերջնագիր ներկայացնելու մղումով:

Իսկ դա կարծում եմ Կովկասում կայունությանը նպաստող գործոն է, առնվազն որոշակի ժամանակահատվածի համար:

Իհարկե այսօր արագություններն այնքան մեծ են, որ պայմանավորվածությունները, հատկապես այդ մակարդակում, կարող են ժամանակավրեպ դառնալ համեմամատաբար արագ:
31.03.202506:44
💥
Հունաստանի վարչապետ Միցոտակիսը այց է կատարել Իսրայել, Թել Ավիվին հայտնելով իր աջակցությունը Գազայի հարցում: Նաթանյահուի հետ հանդիպմանը Միցոտակիսը հայտարարել է, թե եկել է ոչ թե պարզապես դաշնակից, այլ նաեւ որպես բարեկամ:

Ամենից ուշագրավը սակայն այն է, ինչ Միցոտակիսը ասում է, որ կշարունակեն աջակցել Իսրայելին եւ «հուսով են, որ մարդասիրական գինը չի լինի շատ մեծ»: Ուշադրության արժանացնենք՝ Հունաստանի վարչապետն այսինքն համարում է, որ մարդասիրական գին կարող է լինել, բայց շատ չլինի: «Թարգմանաբար»՝ կոտորեք Գազայի բնակչությանը, բայց շատ մի կոտորեք:

Հունաստանի վարչապետի այցն անշուշտ ուշադրության է արժանի իսրայելա-թուրքական հնարավոր բախման ֆոնին, որ կարող է տեղի ունենալ սիրիական տարածքում: Համենայն դեպս, նկատելի է դրա առնվազն ինֆորմացիոն նախապատրաստման որոշակի ուրվագիծ: Այդ ֆոնին, Հունաստանի այդօրինակ բացահայտ աջակցությունը Իսրայելին՝ թեկուզ Գազայի հարցում, կարող է բերել հույն-թուրքական հարաբերության նոր լարման, այսինքն նոր լարման հանգեցնել միջերկրծովյան ռեգիոնում:

Ուշագրավ է, որ այստեղ Հունաստանի դաշնակից կամ գործընկեր Ֆրանսիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել Գազայի ռմբակոծությունը: Իհարկե, Ֆրանսիայի այդ կոչին հնարավոր է վերաբերել հարաբերականորեն, քանի որ Փարիզը գուցե պարզապես այդ հրապարակային դիրքորոշումը արտահայտում է ունենալով այն անհանգստությունը, որ հակառակ պարագայում Ֆրանսիայում բնակվող արաբական ահռելի շերտը կարող է սկսել բողոքի ակցիաներ եւ այլն:

Այդպիսով, որեւէ կերպ բացառելի չէ, որ մի ձեռքով կոչ անելով դադարեցնել Գազայի ռմբակոծումը, մի ձեռքով քննադատելով Իսրայելին Գազայում գործողությունների համար, մյուս ձեռքով Փարիզը կարող է Աթենքի միջոցով դե ֆակտո աջակցություն հայտնել Իսրայելին՝ ընդդեմ իհարկե ոչ թե Գազայի, այլ այդ առիթով՝ բայց ընդդեմ Թուրքիայի:

Մեզ համար սրանք էական պրոցեսներ են, որովհետեւ այս հանգույցում առկա է ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունը երկրների, որոնց հետ սերտ եւ առանքային հարաբերություն ունի Հայաստանը, այլ նաեւ առկա է Ադրբեջանը, այս դեպքում թե Թոււրքիայի, թե Իսրայելի քաղաքականության համատեքստում:

Օրինակ, Իսրայելին ոչ միայն դաշնակցային, այլ նաեւ բարեկամական աջակցություն հայտնող Հունաստանը իրական քաղաքական հարթությունում ինչպե՞ս կվերաբերի Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությանը, որն իսրայելական քաղաքականության համատեքստում առանցքային նշանակության ուղղություն է մի քանի պատճառով:

Այդ առնչությամբ ուզում եմ հիշել 2019 թվականի մարտին Հայաստանի նախաձեռնությունը՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ֆորմատ ձեւավորելու ուղղությամբ, որ տեղի ունեցավ այն ժամանակ ԱԳ նախարար Մնացականյանի Կիպրոս այցի շրջանակում: Այդ ժամանակ էլ եզրակացրել եմ, որ նպատակը թերեւս Կովկասի ուղղությամբ Թուրքիայի հավակնությունների աճող մարտահրավերին հակազդեցության գործոններ ձեւավորելն է, եւ միեւնույն ժամանակ Իհարկե Ադրբեջանի ռազմատենչության համատեքստում Իսրայելի դերը զսպելը՝ հաշվի առնելով Հունաստանի եւ Կիպրոսի հարաբերությունն Իսրայելի հետ:

Փաստացի, այդ քայլը չաշխատեց, համենայն դեպս չլուծեց թերեւս առանցքային խնդիրը՝ Թուրքիային ու Իսրայելին զսպելը, որպես Ադրբեջանի պատերազմի առանցքային խթանիչ ու աջակից:

Այդ եռակողմ ֆորմատի մասին այսօր էլ խոսվում է, բայց ըստ էության ավելի շուտ թերեւս իներցիայով, քան իրական քաղաքական տրամաբանությամբ ու բովանդակությամբ:🇬🇷🇮🇱🇹🇷🇫🇷🇦🇲
09.04.202512:09
🔥 Սա չափազանց կարեւոր թեմա է: Երբ խոսում եմ պետական անվտանգության ապագայի մասին, այստեղ իհարկե միայն ռազմական գործի հարցը չէ, որ գոյություն ունի սպայակազմի ձեւավորման հիմքում: Իհարկե, դա կարեւորագույն բաղադրիչ է, բայց, սպայակազմի ձեւավորման հարցն, ըստ իս, պետք է պարունակի ավելի ընդգրկուն ու խորքային բաղադրիչներ:

Ի դեպ, ովքեր հետեւել են իմ լրագրողական, մեկնաբանական աշխատանքին երկար ժամանակ, թերեւս ծանոթ են Լրագիր կայքում մոտ տասնամյակ առաջ իմ բազմաթիվ անդրադարձերին՝ Հայաստանի զինված ուժերում, սպայակազմում արժեհամակարգային, մտածողական բաղադրիչների հիման վրա այսպես ասած Պատվի կոդեքս ձեւավորելու հանրային նշանակության մասին:

Այսինքն, հաշվի առնելով մեզանում հսկայածավալ խնդիրները՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, եւ հաշվի առնելով նաեւ զինվորական գործի կազմակերպման առանձնահատկությունները՝ պահպանողականության հանգամանքի առումով, սպայական կազմի ձեւավորումը թերեւս պետք է դիտարկել ոչ միայն պաշտպանական ոլորտի, այլ նաեւ հասարակական զարգացման տրամաբանությամբ:

Սպայակազմը դարձնել հանրային մի շերտ, որը կլինի ոչ միայն զուտ զինուժի վերափոխման եւ արդիականացման հենասյուն եւ լոկոմոտիվ ըստ էության, այլ նաեւ հասարակական արդիականացման ու զարգացման, հասարակական լայն շրջանակով էթիկայի, հարաբերությունների մշակույթի նոր որակ ձեւավորելու տեսանկյունից:

Թյուրընկալումներ պետք չեն, խոսքը ամենեւին հանրության ռազմականացման, «կազարմայացման» մասին չէ, այլ ի դեմս սպայակազմի՝ հասաևակական հարաբերությունների էթիկայի նշաձողեր մշակելու: Բնականաբար, սպայակազմը չի լինելու դրա միակ աղբյուրը, կան այլ ոլորտներ, որտեղ պետք է ձեւավորվի նոր ազգային ու պետական էլիտա: Բայց, բանակի սպայակազմը կարեւոր հնարավորություններից ու «աղբյուրներից» մեկն է:

Իսկ դրա համար շատ կարեւոր են դառնում նրբությունները, այդ թվում այսպիսի միջոցառումներ թույլ չտալու տեսանկյունից, երբ պարզ է, որ բանախոսի եւ լսարանի միջեւ չկա հաղորդակցության բավարար «կենսագրություն»: Սա որեւէ մեկի կենսագրության թերագնահատում չէ, այլ ընդամենը իրողությունների գնահատում, որը պետք չէ նենգափոխել ինչ-ինչ հատվածային եւ կոնյուկտուրային նպատակներով: Եվ սա չի վերաբերում կոնկրետ միջոցառմանը, այդ դրա առիթով՝ այդօրինակ տրամաբանությամբ միջոցառումների մասին է:
09.04.202508:31
🔥 Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ընդդիմադիր դաշտում: Պարզ եւ օրինաչափ մի բան՝ պայքար այդ դաշտում հնարավորինս ամմուր ու հաստատուն տեղի համար, որպես իշխանության համար պայքարի առաջին փուլ կամ քայլ:

Եթե դու այդ դաշտում չես զբաղեցրել քո հաստատուն եւ ամուր տեղը, ապա հավակնել իշխանության համար պայքարի, անմտություն է: Այդպիսի դեպքում լավագույն հավակնությունը կարող է լինել այն, որ ինչ որ մեկը կամ բոլորը իշխանությունը պարզապես սկուտեղի վրա փոխանցեն քեզ, բառի բուն կամ պատկերավոր, ուղիղ կամ անուղղակի իմաստով:

Այդպիսով, իշխանության կարգավիճակի հասնելու համար կամ պետք է արժանանալ սկուտեղի «բախտի»՝ իհարկե դրան հասնելու համար էլ պահանջվում է շատ մեծ ծավալի ու բարդ աշխատանք, բայց գլխավորապես անձնական դաշտում, կամ պետք է կարողանալ համակարգային եւ ցանցային աշխատանքով հաստատվել ընդդիմադիր դաշտում:

Չեմ ուզում ծավալվել այս առնչությամբ, առիթներ դեռ կլինեն:

Երեւույթին անդրադառնում եմ Շիրակի թեմի առաջնորդ, հարգարժան Միքայել Սրբազանի շուրջ հերթական աղմուկի առնչությամբ, որի առիթը, ինչպես գիտեք, գործընկեր Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցն էր եւ դրա ընթացքում նախկին նախագահների վերաբերյալ կարծիքը, մասնավորապես՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին բացասական կարծիքն ու գնահատականը: Հարցազրույցը կարող եք դիտել Կարպիս Փաշոյանի յություբյան ալիքում:

Բնական է, որ Սերժ Սարգսյանի մասին ոչ բարյացկամ գնահատականը պետք է որոշակիորեն ոգեւորեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրներին եւ շրջանակին, առավել եւս, որ երկու նախագահների համակիրների ու թիմերի միջեւ բավականին ակնառու դիմակայությունն ու մրցակցությունը տեսանելի է վաղուց:

Շատերն են փորձում հասկանալ, դա ընդդիմադիր տակտիկա՞ է, թե՞ երկու նախագահներն իսկապես ունեն բարդ հարաբերություն եւ խնդիրներ: Չգիտեմ, տակտիկա է, թե ոչ, բայց, որ նրանց միջեւ խնդիրները դեռ այն ժամանակից են, երբ նրանք նույնիսկ համատեղ իշխանություն էին, ինձ համար անկասկած է: Սակայն, այժմ չեմ ուզում ծավալվել նաեւ այդ թեմայով: Դրան, ի դեպ, ես կանդրադառնամ իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդագիրների համար սկսածս շարքում, որ վերաբերում է 1998-2018 շրջանին: Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում բաժանորդագիրներին եւ առաջարկում եմ նաեւ ցանկություն ու հնարավորություն ունեցող ընկերներին դառնալ իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդ, այդպիսով նաեւ իրենց ֆինանսական աջակցության լուման ունենալով ալիքի կայացման եւ զարգացման գործում:

Վերադառնալով բուն թեմային: Կարծում եմ, որ այս բարդ ներքաղաքական եւ ներընդդիմադիր փոխհարաբերությունների պայմաններում, Միքայլ Սրբազանի հանրային խոսքում ստեղծվող «կոնտենտը», անկախ, թե այն իիր բարյացկամության սլաքով ում կողմը կլինի, կամա, թե ակամա Սրբազանին դարձնում է այդ ներքաղաքական հարաբերությունների ու պայքարի սուբյեկտ, կամ, ինչն առավել վատ կլինի՝ օբյեկտ: Օբյեկտ այն իմաստով, որ Սրբազանն իր «ստեղծած» կոնտենտով ոչ թե կնպաստի հանրային հարաբերությունների առողջացմանը, այլ անառողջ մանիպուլյացիաների գեներացմանը:

Եվ այստեղ բացարձակապես կարեւոր չէ, որ կողմից, երբ, ինչ շեշտադրումով եւ ինչպես կօգտագործվի Սրբազանի ստեղծած կոնտենտը:

Դրա տրամաբանությունն ու բովանդակությունը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իհարկե մեկի հոգին կալեկոծի, մյուսինը՝ կփառավորի, բայց երկու պարագայում էլ չի նպաստի հանրային հոգու եւ մտքի ներդաշնակ զարգացման հրամայականին:


Ես բոլորովին հեռու եմ կարծելուց, թե այդ ներդաշնակությունն ապահովելը միայն Սրբազանի խնդիրն է Բացարձակապես: Այդ խնդիրը, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ առաքելություններից է, որը սակայն տապալված է ու շարունակում է լինել տապալված: Բայց, դա էլ այլ, կարեւոր, բայց այլ խոսակցության նյութ է:

Սակայն, Սրբազանը ակտիվ դերակատարներից մեկն է, եւ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ու ԱՐԺԱՆԱՎՈՐ դերակատարներից մեկն է, եւ ըստ այդմ այդ դերակատարության ՕԳԳ հարցը շատ կարեւոր է: Ոչ միայն գործակցի իմաստով, այլ նաեւ հասցեականության:

Եվ հետեւաբար, շատ ափսոս է, եթե այդ ԽԱՐԻԶՄԱՆ եւ դերը մաշվեն՝ դառնալով ներքաղաքական հաշիվների պարզաբանման հերթական մի ռեսուրս:

Կրկնեմ, սա իմ համեստ կարծիքն է, որն արտահայտում եմ, խնդիրը համարելով շատ կարեւոր:
08.04.202518:12
💥 Ուրեմն, էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ-ում հանդիպել է արաբական Մասդար ընկերության ներկայացուցչին: Դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք. «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի սկզբին»:

Ծրագիրը, որի վերաբերյալ հայտարարվել է 2021 թվականին, պետք է շահագործման փուլում լիներ արդեն 2025-ին, բայց պարզվում է, որ հիմա նոր ինչ որ ճանապարհային քարտեզ է համաձայնեցվել, որ շինարարությունը կմեկնարկի 2026 թվականի սկզբին:

Կրկնեմ, ավարտի ժամկետը 2025 թվականն էր, բայց ոչ թե ավարտիօ ժամկեն է երկարաձգվում, այլ 2026-ին դեռ նոր պետք է մեկնարկի շինարարությունը:

Իսկ ինչու՞ է ծրագիրն այդպես մեղմ ասած խիստ հետ մնացել ժամանակից, ու՞մ կամ ինչի՞ պատճառով: Հայաստանն ինչու՞ չի ապահովել ներդրումային այդ խոշոր ծրագրի բնականոն եւ ծրագրված ընթացքը: Դա անպատասխանատու եւ անարդյունավետ կառավարման, ներդրողի հետ աշխատանքի անկարողության եւ անարղյունավետության ցցուն օրինակ է:

Այդ պայմաններում պետական պարտքն իհարկե 12 միլիարդ չէ, 22 միլիարդի էլ կհասնի: Ի վերջո պետության տնտեսական կենսունակությունն ապահովվում է կամ ներդրումներով, կամ՝ պարտքով:
01.04.202510:30
🔴🔴🔴 Սիվիլնեթում՝ https://youtu.be/aL1dm4VVAcw?si=Zel-xiUpLLoAgM59
31.03.202519:02
💥 Ֆրանսիայում դատարանը 4 տարի ազատազրկման է դատապարտել աջ ուժերի առաջնորդ Մարին Լե Պենին, այն մեղադրանքով, թե նա նպատակային չի ծախսել ԵՄ-ից ստացված միջոցները: Դատարանը նաեւ Մարին Լե Պենին հինգ տարով զրկել է ընտրության մասնակցելու հնարավորությունից:

Դա նշանակում է, որ Լե Պենը չի կարող մասնակցել 2027 թվականի նապագահի ընտրությանը, եթե իհարկե չլինի դատավճռի բողոքարկում կամ վերանայում: Այս պահին իհարկե իրազեկ չեմ, թե արդյո՞ք կա այդպիսի հնարավորություն, արդյո՞ք Լե Պենի իրավաբանական թիմը կարող է բողոքարկել եւ պատրաստվում է անել դա: Այսինքն, կասկած չունեմ, որ հնարավորության դեպքում դա կարվի: Բայց, կա՞ այդ հնարավորության իրավական մեխանիզմը, թե ոչ, այս պահին ինձ հայտնի չէ:

Մի բան անկասկած է, որ այս կերպ ճանապարհից հեռացվում է նախագահի ընտրության իհարկե գլխավոր հավակնորդներից մեկը: Մակրոնը չի կարող առաջադրվել երրորդ անգամ եւ պետք է ընտրվի նրա ժառանգորդ: Ըստ ամենայնի հորիզոնում չի նշմարվում մրցունակ թեկնածու, իսկ եւս մեկ «Մակրոն» օպերացիա իրականացնելը կլինի շատ բարդ, որովհետեւ այն մի անգամ արդեն իսկ աշխատել է, ընդ որում հետագայում նվազող վարկանիշով:

Այդ պայմաններում, Մարին Լե Պենի նման ուժեղ թեկնածուն իհարկե կլինի շատ լուրջ մարտահրավեր: Իհարկե դա չի նշանակում, որ նրան հանելով հարցերը կլուծվեն անմիջապես, բայց ճանապարհից կհեռացվի գլխավոր մրցակիցը:

Իհարկե միարժեք բարդ է ասել, թե այսպես ասած ձախացած-ուլտրալիբերալիզացված Ֆրանսիան այդ ծայրահեղությունից մյուս՝ ուլտրաաջ ծայրահեղություն նետելը որքանով օգտակար կլիներ հանրապետության համար, բայց փաստ է այն, որ դատական մեխանիզմը օգտագործվում է քաղաքական հակառակորդների հարցը լուծելու համար: Հետեւաբար, հերթական մի օրինակ, որ ժողովրդավարության մասին լոզունգները եւ դասախոսությունները, որ այդ երկրները կարդում են մեր տիպի երկրների գլխին, այսօր գործնականում որեւէ կերպ առնչություն չունեն «դասախոսների» իրական կյանքի հետ:

Եվ սա է այսօր արեւմտյան կամ եվրաատլանտյան աշխարհում համակարգային ճգնաժամի առանցքային, անկյունաքարային պատճառներից մեկը:

Նույն կերպ, շաբաթներ առաջ ձերբակալվեց Ռումինիայում նախագահի ընտրության գլխավոր հավակնորդը, դարձյալ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող Կելին Ջորջեսկուն: Ես բազմիցս անդրադարձել եմ այդ թեմային: Ջորջեսկուն 2024 թվականի նոյեմբերին նույնիսկ հաղթել էր նախագահի ընտրության առաջին փուլը, սակայն անհիմն պատչառաբանությամբ չեղարկվեց նրա այդ հաղթանակը, չեղավ երկրորդ փուլ եւ նշանակվեց նոր ընտրությունը, որը կայանալու է մայիսին: Եվ ահա, դրան ընդառաջ, Ջորջեսկուն կալանավորվեց:

Հենց այս խնդրի մասին էր Մյունխենի անվտանգության համաջողովում ԱՄՆ փոխնապագահ Դի Վենսի աղմկոտ ելույթը: Ելույթում նա անդրադարձավ Ռումինիայի օրինակին, ակնարկեց, որ այդպիսի մտավախություն կա Գերմանիայում, որտեղ այդ պահին դեռ չէր կայացել խորհրդարանի ընտրությունը:

Ի դեպ, Իլոն Մասկը աջակցություն է հայտնել Լե Պենին, ասելով, որ նրա հանդեպ վճիռը քաղաքական հետապնդում է:

Եվրոպայում այս պրոցեսն իհարկե մարտահրավեր է Թրամպին ու նրա թիմին, որովհետեւ ըստ էության սա Եվրամիությունում ձախ-ուլտրալիբերալ գլոբալիստական օրակարգը դավանող էլիտաների ինքնապահպանման պայքարն է:

Ընդ որում, մեծ հարց է նաեւ, թե արդյո՞ք Թրամպը խորքային առումով շահագրգռված է հաղթել այդ պայքարում, թե՞ նրա հաղթանակը կլինի այն, որ ԵՄ-ում պահպանվի այդ ուժերի գերակայությունը, ինչը Թրամպին այսպես ասած լեգիտիմ իրավունք կտա ԵՄ հանդեպ իր «անտագոնիստական» քաղաքականության համար, հաշվի առնելով Նահանգների ռազմավարական հայեցողության փոփոխությունները:🇫🇷🇪🇺🇷🇴🇺🇸
30.03.202523:00
⚫️🔴🟡 Ի դեպ, այսօր նաեւ մամուլում տեղեկություն եղավ, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Փարաքարով՝ որտեղ Ավագանու արտահերթ ընտրություն էր եւ ՔՊ-ն պարտվել է ու 58 տոկոս ձայն է ստացել ապրելու երկիրը, ընթացել է դեպի օդանավակայան:

Սակայն, ըստ ամենայնի խոսքն այն մասին է, որ դա եղել է Գերմանիայի նախագահի համար նախատեսված շարասյուն, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Վալտեր Շտայնմայերը Հայաստանից կմեկնի Բաքու:

Սա հետաքրքիր այց է, թեեւ Գերմանիան իհարկե խորհրդարանական պետություն է, որտեղ նախագահը արարողակարգային պաշտոն է: Իսկ Գերմանիայում, ինչպես հայտնի է, խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո դեռ ձեւավորված չէ նոր կառավարություն, որը անխուսափելիորեն պետք է լինի կոալիցիոն:

Շտայնմայերը, որը տարիներ առաջ եղել է նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար, Հայաստան եւ Ադրբեջան այցի ընթացքում ըստ ամենայնի կփորձի այսպես ասած շոշափել նոր իրողություններ ու հասկանալ, թե մասնավորապես ռուս-ամերիկյան այս մեկնարկած երկխոսությունը ինչ ազդեցություն է թողել կովկասյան մթնոլորտի եւ տրամադրությունների վրա, թերեւս համապատասխան «տեղեկանք» պատրաստելով հնարավոր նոր կառավարության համար: 🇦🇲🇩🇪
Көрсетілген 1 - 24 арасынан 418
Көбірек мүмкіндіктерді ашу үшін кіріңіз.