🔥 Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ընդդիմադիր դաշտում: Պարզ եւ օրինաչափ մի բան՝ պայքար այդ դաշտում հնարավորինս ամմուր ու հաստատուն տեղի համար, որպես իշխանության համար պայքարի առաջին փուլ կամ քայլ:
Եթե դու այդ դաշտում չես զբաղեցրել քո հաստատուն եւ ամուր տեղը, ապա հավակնել իշխանության համար պայքարի, անմտություն է: Այդպիսի դեպքում լավագույն հավակնությունը կարող է լինել այն, որ ինչ որ մեկը կամ բոլորը իշխանությունը պարզապես սկուտեղի վրա փոխանցեն քեզ, բառի բուն կամ պատկերավոր, ուղիղ կամ անուղղակի իմաստով:
Այդպիսով, իշխանության կարգավիճակի հասնելու համար կամ պետք է արժանանալ սկուտեղի «բախտի»՝ իհարկե դրան հասնելու համար էլ պահանջվում է շատ մեծ ծավալի ու բարդ աշխատանք, բայց գլխավորապես անձնական դաշտում, կամ պետք է կարողանալ համակարգային եւ ցանցային աշխատանքով հաստատվել ընդդիմադիր դաշտում:
Չեմ ուզում ծավալվել այս առնչությամբ, առիթներ դեռ կլինեն:
Երեւույթին անդրադառնում եմ Շիրակի թեմի առաջնորդ, հարգարժան Միքայել Սրբազանի շուրջ հերթական աղմուկի առնչությամբ, որի առիթը, ինչպես գիտեք, գործընկեր Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցն էր եւ դրա ընթացքում նախկին նախագահների վերաբերյալ կարծիքը, մասնավորապես՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին բացասական կարծիքն ու գնահատականը: Հարցազրույցը կարող եք դիտել Կարպիս Փաշոյանի յություբյան ալիքում:
Բնական է, որ Սերժ Սարգսյանի մասին ոչ բարյացկամ գնահատականը պետք է որոշակիորեն ոգեւորեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրներին եւ շրջանակին, առավել եւս, որ երկու նախագահների համակիրների ու թիմերի միջեւ բավականին ակնառու դիմակայությունն ու մրցակցությունը տեսանելի է վաղուց:
Շատերն են փորձում հասկանալ, դա ընդդիմադիր տակտիկա՞ է, թե՞ երկու նախագահներն իսկապես ունեն բարդ հարաբերություն եւ խնդիրներ: Չգիտեմ, տակտիկա է, թե ոչ, բայց, որ նրանց միջեւ խնդիրները դեռ այն ժամանակից են, երբ նրանք նույնիսկ համատեղ իշխանություն էին, ինձ համար անկասկած է: Սակայն, այժմ չեմ ուզում ծավալվել նաեւ այդ թեմայով: Դրան, ի դեպ, ես կանդրադառնամ իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդագիրների համար սկսածս շարքում, որ վերաբերում է 1998-2018 շրջանին: Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում բաժանորդագիրներին եւ առաջարկում եմ նաեւ ցանկություն ու հնարավորություն ունեցող ընկերներին դառնալ իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդ, այդպիսով նաեւ իրենց ֆինանսական աջակցության լուման ունենալով ալիքի կայացման եւ զարգացման գործում:
Վերադառնալով բուն թեմային: Կարծում եմ, որ այս բարդ ներքաղաքական եւ ներընդդիմադիր փոխհարաբերությունների պայմաններում, Միքայլ Սրբազանի հանրային խոսքում ստեղծվող «կոնտենտը», անկախ, թե այն իիր բարյացկամության սլաքով ում կողմը կլինի, կամա, թե ակամա Սրբազանին դարձնում է այդ ներքաղաքական հարաբերությունների ու պայքարի սուբյեկտ, կամ, ինչն առավել վատ կլինի՝ օբյեկտ: Օբյեկտ այն իմաստով, որ Սրբազանն իր «ստեղծած» կոնտենտով ոչ թե կնպաստի հանրային հարաբերությունների առողջացմանը, այլ անառողջ մանիպուլյացիաների գեներացմանը:
Եվ այստեղ բացարձակապես կարեւոր չէ, որ կողմից, երբ, ինչ շեշտադրումով եւ ինչպես կօգտագործվի Սրբազանի ստեղծած կոնտենտը:
Դրա տրամաբանությունն ու բովանդակությունը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իհարկե մեկի հոգին կալեկոծի, մյուսինը՝ կփառավորի, բայց երկու պարագայում էլ չի նպաստի հանրային հոգու եւ մտքի ներդաշնակ զարգացման հրամայականին:
Ես բոլորովին հեռու եմ կարծելուց, թե այդ ներդաշնակությունն ապահովելը միայն Սրբազանի խնդիրն է Բացարձակապես: Այդ խնդիրը, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ առաքելություններից է, որը սակայն տապալված է ու շարունակում է լինել տապալված: Բայց, դա էլ այլ, կարեւոր, բայց այլ խոսակցության նյութ է:
Սակայն, Սրբազանը ակտիվ դերակատարներից մեկն է, եւ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ու ԱՐԺԱՆԱՎՈՐ դերակատարներից մեկն է, եւ ըստ այդմ այդ դերակատարության ՕԳԳ հարցը շատ կարեւոր է: Ոչ միայն գործակցի իմաստով, այլ նաեւ հասցեականության:
Եվ հետեւաբար, շատ ափսոս է, եթե այդ ԽԱՐԻԶՄԱՆ եւ դերը մաշվեն՝ դառնալով ներքաղաքական հաշիվների պարզաբանման հերթական մի ռեսուրս:
Կրկնեմ, սա իմ համեստ կարծիքն է, որն արտահայտում եմ, խնդիրը համարելով շատ կարեւոր: