Հարգելի համաքաղաքացիներ,
Ձեզ բոլորիդ հայտնի Myler ընկերությունը զարմացնում է ոչ միայն իր աստղաբաշխական գներով, այլև աննախադեպ վատագույն սպասարկմամբ։ Սպասարկման ընթացքում հավաստիացնում են, որ տարածքից որևէ տեսակի ապրանք չի կարող կորել (խոսքը սնոուբորդների կամ դահուկների մասին է), քանի որ ամբողջ տարածքը տեսահսկվում է։ Սակայն հաճախորդներին տրամադրելով փոքր կամ անհամապատասխան ապրանք՝ դրա վնասվելու կամ կորստի դեպքում պահանջում են հարյուր հազարավոր դրամներ, ինչը բազմիցս գերազանցում է տվյալ ապրանքի խանութային գինը։
Բացի այդ, վերջերս մեր համաքաղաքացիներից մեկին սպասարկելու ընթացքում սնոուբորդը գցել են նրա ձեռքերին, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ։ Էլ չենք խոսում ժամերով ձգվող հերթերի և ծառայությունների աստղաբաշխական գների մասին, որոնք չեն զիջում Շվեյցարական Դավոսում կամ Ֆրանսիական Ալպերում սահմանված գներին։
Նման վերաբերմունքը ոչ միայն անպատասխանատվության դրսևորում է, այլև անտեսում է հաճախորդների իրավունքներն ու անվտանգությունը։ Այսպիսի կազմակերպությունները պետք է ոչ թե շահագործեն սպառողներին, այլ ապահովեն որակյալ ծառայություններ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։
Հորդորում եմ անտեսել նման ձմեռային հանգստի համալիրները, որոնց միակ նպատակը քաղաքացիներից հսկայական գումարներ շորթելն է, այլ ոչ թե հարմարավետ հանգիստ ապահովելը։ Մեզանից յուրաքանչյուրն արժանի է որակյալ ծառայությունների՝ առանց խաբեության ու անհարգալից վերաբերմունքի։