🔥 Հայաստան-ԵՄ խորհրդարանական կոմիտեի 4-րդ նիստում, որ անցկացվում է Երեւանում, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով նոր Սահմանադրության թեմային ասել է՝ «այժմ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»:
Ի՞նչ հանձնառության մասին է խոսքը, ով կամ ովքեր են ստանձնել եւ ու՞մ առաջ:
Համենայն դեպս հրապարակավ ձեւակերպվել է «հանձնառության» մասին ենթադրության մի պարագա՝ Ադրբեջանի պահանջը Հայաստանի հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրության հանրաքվեի մասին:
Բայց, կարծես թե չի ձեւակերպվել ժամկետի վերաբերյալ որեւէ հանձնարարություն: Գուցե եղել է այսպես ասած ոչ հրապարակային հանձնարարություն:
Սակայն, եթե խոսքը այդ մասին է, արդյո՞ք տեղին է «հանձնառություն» ձեւակերպման կիրառումը: Չեմ ուզում անել շատ հեռուն գնացող հետեւություններ, թեեւ, կրկնեմ, Ադրբեջանի հստակ պահանջը բարձրաձայնվել է եւ բարձրաձայնվում է պարբերաբար:
Ավելին, հենց նախօրեին Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն է արել հերթական հայտարարությունը::
Այն, որ հարցը հայաստանյան օրակարգում է հենց Բաքվի պահանջով, ըստ իս վեր է կասկածից: Մնացյալը բացատրություններ են, որոնք կառավարող ուժը մոգոնում է ընդամենը այլ փաթեթավորման համար:
Այլապես, այն խնդիրները, որ այսօր ունի Հայաստանը, այն մարտահրավերները եւ անելիքները, որ կան Հայաստանի առաջ, բացարձակապես չեն ենթադրում ոչ միայն նոր Սահմանադրոության ընդունում, այլ նույնիսկ գործող Սահմանադրության ռեֆորմ: Խոսքն այն մասին չէ, որ ընդհանրապես չկա այդպիսի ռեֆորմի կարիք: Բայց, դա այսօր բացարձակապես հրատապ հարց չէ, եւ առավել եւս հրատապ չէ նոր Սահմանադրություն ունենալը, եթե դիտարկում ենք իրավիճակը անմիջականորեն հենց Հայաստանի կարիքների համատեքստում:
Ահա թե ինչն է, որ գործնականում ցրում է բոլոր կասկածները, որ թեման Հայաստանում օրակարգ է բերվել Ադրբեջանի պահանջով:
Նիկոլ Փաշինյանի համար դա մանեւրի միջոց է, թե՞ ոչ, սա էլ հարցի մյուս կողմն է: Այստեղ, գոնե ինձ համար, պատկերը միարժեք չէ: Ես ավելի հակված եմ մտածելու, որ Փաշինյանն այդուհանդերձ առաջնայինը համարում է մանեւրը, իսկ հետո՝ ինչպես կերեւա, կախված ավելի գլոբալ զարգացումներից եւ Կովկասում իրավիճակի վրա դրանց ազդեցության որոշակիությունից:
Դրա համար, այդ իմաստով վերստին նշում եմ, որ բուն խնդիրը այն է, որ Հայաստանում ձեւավորվի այլընտրանքային քաղաքական օրակարգ եւ դրա շուրջ կազմավորվող հասարակական-քաղաքական համակարգ, որը աչքի չի ընկնում գերազանցապես Փաշինյանի թիրախավորման զգայական բաղադրիչով, այլ նաեւ հանրությանը ներկայացվող առարկայական առաջարկներով, այդ թվում կապված արտաքին մարտահրավերների հետ: Ընդ որում, կարող է լինել ոչ թե այլընտրանքային առաջարկ-օրակարգ, այլ՝ օրակարգեր, այսինքն մեկ-երկու ուղղություն, ծրագրային, արժեքային, հայեցակարգային:
Սա շատ բարդ խնդիր է, ընդունում եմ, բայց առանց դրա պարզապես հնարավոր չէ: Առանց դրա, Հայաստանում որեւէ իրավիճակ կարող է փոխվել պարզապես արտաքին ազդեցությամբ: