Իրանի նախագահ Մ. Փեզեշքյանի՝ Բաքու այցից առաջ իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական մի կազմակերպության լրտեսական գործունեությանը
📌 Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում պնդում է, որ Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (ԻՄԶՀԳ, Իսրայելում հայտնի է որպես MASHAV) գործունեությունն Ադրբեջանի տարածքում սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը։
📌 Հոդվածում նշվում է, որ MASHAV-ը, որը հիմնադրվել է 1958 թվականին և գործում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո, իր գործունեությունը սկսել է Ադրբեջանում 1990-ականներից՝ այդ պետության անկախանալուց հետո։
📌 Ըստ «Tasnim»-ի՝ այս գործակալությունը տարբեր ծրագրերի միջոցով, ներառյալ գյուղատնտեսական, կրթական և առողջապահական ոլորտներում, փորձում է ազդել Ադրբեջանի հասարակության վրա և հավաքել զգայուն տեղեկություններ, հատկապես Իրանի հետ սահմանակից տարածքներից։
📌 Նշվում է նաև, որ MASHAV-ը համագործակցում է Ադրբեջանի պետական կառույցների հետ՝ կազմակերպելով դասընթացներ և տրամադրելով տեխնիկական աջակցություն, ինչը, ըստ հոդվածի, օգտագործվում է որպես քող՝ լրտեսական գործունեության համար։
📌 Իրանական կողմը նաև մտահոգություն է հայտնում, որ նման ծրագրերը կարող են օգտագործվել Իսրայելի կողմից՝ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և Իրանի դեմ քաղաքական ու ռազմական սպառնալիքներ ստեղծելու համար։
🔗 Հոդվածին Ադրբեջանում հետևել են սուր արձագանքներ, այդ թվում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորներից։
🔗 Ադրբեջանական արձագանքները հաջորդ գրառման մեջ։
📝 #CaspianFrontiers